«Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի եւ նրա ընկերոջ՝ Ռաֆայել Այվազյանի նկատմամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 266 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Այդ հոդվածով սահմանվում է թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների և պրեկուրսորների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեներգործուն միջոցներ պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը:
Փորձաքննությունը հաստատել է, որ երիտասարդն ու նրա ընկերը եղել են թմրանյութի ազդեցության տակ:
Հիշեցնենք, որ 3-րդ մասում հայտնի «Ճվճվ Արո» մականունով Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի եւ նրա ընկերոջ փախուստն սեպտեմբերի 26-ին, վաղ առավոտյան կանխել է Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը: Նա մեզ հետ զրույցում պատմել էր, որ ժամը 07.30-ի սահմաններում Երեւանի Պարոնյան փողոցում նկատել է բարձր արագությամբ եւ ճանապարհային երթեւեկության կաննոների կոպիտ խախտումով ընթացող «Լադա-2172» մակնիշի 44 RR 404 համարանիշի մեքենան, ռադիոկապով փոխանցել է անձնակազմին, որ կանգնեցնեն նրան: Տեսուչները, սակայն, ՃՈ-ի պետին հայտնել են, որ վարորդը չի ենթարկվում ազդանշանին:
«Տրվեց հրահանգ, որ ձեռնարկեն բոլոր միջոցները տրանսպորտային միջոցը հարկադրաբար կանգնեցնելու համար: Տեսչական անձնակազմին հաջողվեց Կիլիկիա թաղամասում կանգնեցնել մեքենան, բայց վարորդը նորից չէր ենթարկվում, փորձում էր դիմել փախուստի, հրաժարվում էր ներկայացնել փաստաթղթերը, մեքենայի բանալիները, քանի որ նա եւ ուղեւորը կասկածվում էին ոչ սթափ լինելու մեջ:
Անմիջապես դեպքի վայր մեկնեցի ես, իմ գալուց հետո կրկին չէին ենթարկվում, չէին ներկայացնում փաստաթղթերը եւ բանալիները: Փորձեցին փախչել դեպքի վայրից, բայց մեր կողմից իրականացված օրինական գործողությունների արդյունքում 22-ամյա Սերժ Արայի Վարդանյանը եւ նրա ուղեւոր Ռաֆայել Այվազյանը բերման ենթարկվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին»,- հայտնել էր Արսեն Արշակյանը:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ այս վարորդը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար:





























