Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Արցախի 4-րդ նրբանցքի N 10 վթարային հանրակացարանի 8 եւ Նոր Արեշի 35-րդ փողոցի N 127/1 շենքի 10 ընտանիքների:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, շնորհավորելով բնակիչներին, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ սոցիալական կարեւորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական, եւ քաղաքապետարանը փուլ առ փուլ անելու է հնարավորը, որպեսզի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բոլոր բնակիչներն ապրեն հարմարավետ ու անվտանգ պայմաններում. «Մեր սիրելի քաղաքի ծննդյան նախատոնական այս օրը հիշարժան է դառնում նաեւ ձեր ընտանիքների համար: Ու ես համոզված եմ, որ այսուհետ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը ձեր ընտանիքներում առանձնակի ուրախությամբ է նշվելու: Իսկապես ուրախ եմ, որ մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրվա տոնական առիթն օգտագործելով՝ ձեզ եմ հանձնելու այդքան երկար սպասված ձեր նոր բնակարանների բանալիները։ Շնորհավորում եմ ձեզ ու համոզված եմ, որ ինչպես ժողովուրդն է ասում, ձեր ոտքը նոր բնակարաններում խերով է լինելու, եւ նոր բնակարանը բոլորիդ համար նոր հաջողությունների սկիզբ է դառնալու։ Թող խինդն ու ծիծաղն անպակաս լինեն ձեր բնակարաններից ու երկար տարիներ առողջ եւ երջանիկ վայելեք այն»,- նշել է Տարոն Մարգարյանը։
Բնակիչներն էլ իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին կարեւորագույն այս ծրագրի իրականացման համար, նշել են, որ տարիներ շարունակ ապրել են միայն վախի, անվտանգ բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմաններից զուրկ մթնոլորտում:
Հարկ է նշել, որ Երեւանի զարգացման ծրագրերում որպես գերակայություն առանձնացնելով 4-րդ աստիճանի վթարային շենքերում ապրող բնակիչների խնդիրը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շինբարեկարգման տարեկան աշխատանքներում ներառվել է նաեւ 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող ծրագիրը: Ըստ այդմ, 2013թ. արդեն իսկ նոր բնակարաններ են ստացել 4-րդ աստիճանի վթարայնության տարբեր շենքերում ապրող 116 ընտանիքներ:





























