«Զվարթնոց» օդանավակայանի շենքը բարբարոսաբար քանդվել է, արդեն արմատուրաներն են երեւում, բայց եթե այն վերանորոգվի, ապա այն կարող է օգտագործվել ռեգիոնալ թռիչքների համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում, «Զվարթնոց» օդանավակայանը քանդելու վերաբերյալ խնդրի քննարկման ժամանակ նշել է «Զվարթնոցի» համահեղիակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը:

Նրա խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանից կարող են թռիչքներ իրականացնել դեպի Արցախ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Ղազախստան, Բելառուս:

Հիշեցնենք, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որը վարձակալում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքը, ցանկանում է այն քանդել: Ընկերությունը պատճառաբանում է, որ շենքը կարող է փլվել, եւ իր ֆինանսական միջոցները չեն բավարարում այն պահելու համար, իսկ շենքը պահպանելու համար այն պետք է վերանորոգի, ինչը, ըստ իրենց հաշվարկների, կպահանջի 12 մլն դոլար:

Հանրային խորհրդի անդամ Կարեն Աղամյանն էլ նշել է, որ Հայաստանում կամաց-կամաց սկսում են վերացնել շատ արժեքավոր մշակութային շինություններ, իսկ բանաստեղծ Սուրեն Մուրադյանը «Զվարթնոցի» շենքը քանդելը վանդալիզմ է որակել: