Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակցի եւ մի քաղաքացու միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը` 30-ամյա Սամվել Մ.-ն, վիճաբանել է 32-ամյա Մհեր Ֆ.-ի հետ` վերջինիս կողմից կեղծ 500 ռուսական ռուբլի անվանական արժեքով թղթադրամ ներկայացնելու եւ փոխանակելու հարցով, ինչի ընթացքում նրանք միմյանց քաշքշել եւ հարվածել են, ինչի հետեւանքով վայր են ընկել սուպերմարկետում գտնվող դեղատան ցուցափեղկի վրա` կոտրելով ապակիները:

Նույն օրը, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Մհեր Ֆ.-ն, որը հայտնել է, որ սուպերմարկետում վայր է ընկել եւ գլուխը հարվածել ցուցափեղկին:

Ժամը 15.00-ին Սամվել Մ.-ից ընդունվել է հաղորդում:

Մհեր Ֆ.-ն հրաժարվել է հաղորդում եւ բացատրություն տալուց:

Նշանակվել են դատաբժշկական եւ դատատեխնիկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: