Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները քննարկել են Երեւանի՝ Մաքսային միության հետ համագործակցության ընդլայնման հարցը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

«Քննարկվել են Մաքսային միության հետ Երեւանի համագործակցության հետագա ընդլայնման, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ վառելիքա-էներգետիկ ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետ կապված հարցեր»,-ասված է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում: