Ադրբեջանում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրություններում, ԿԸՀ-ի նախնական տվյալներով, առաջատարը գործող նախագահ Իլհամ Ալիեւն է:

Երեւանի ժամանակով 23:12-ի դրությամբ՝ նրա օգտին քվեարկել է ընտրողների 84,72 տոկոսը: Ընդդիմության առաջնորդ Ջամիլ Հասանլիի օգտին քվեարկել է ընտրողների 5,08 տոկոսը, մյուս թեկնածուներն ստացել են 3 տոկոսից քիչ:

Ընդդիմությունը համաձայն չէ այս արդյունքների հետ: Ընդդիմության թեկնածուի նախընտրական շտաբի պետ Գյուլաղա Հասանլին Minval.az պորտալին հայտնել է, որ ընտրակեղծիքները կազմել են 80 տոկոս: Ընդդիմադիր դիտորդների կարծիքով՝ առաջատարը Ջամիլ Հասանլին է: «Երկրորդ տեղում Ալիեւն է»,-ասել է ընդդիմության ներկայացուցիչը:

Վաղն առավոտյան մամուլի ասուլիսում ընդդիմությունը կհրապարակի իր հետագա քայլերը: Մասնավորապես, նախատեսվում է շաբաթ օրը Բաքվում խոշոր հանրահավաք կազմակերպել: