Վթարների գնահատման մոտեցումները պետք է վերանայել: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը՝ մեկնաբանելով Հայաստանի ապահովագրական հատվածում ԱՊՊԱ սակագների ծանրաբեռնվածությունը:
Ապահովագրական ընկերություննների ԱՊՊԱ-ի կանոնակարգի համաձայն, որն ավելի վաղ հաստատել էր Հայաստանի Կենտրոնական բանկը, վարչական ծախսերի ու եկամուտների բաժինը ապահովագրական դրույքաչափում կազմում է 22-25 տոկոս, ապահովագրական վճարինը՝ 75 տոկոս:
Դրա հետ մեկտեղ Լ.Ալթունյանը նշել է, որ 2012թ.-ի վերջին եռամսյակում եւ 2013թ.-ի առաջին եռամսյակում այն 81 տոկոս էր: 2013թ.-ի երկրորդ եռամսյակում հաջողվել է այն հասցնել 78 տոկոսի: «Առաջիկա երկու եռամսյակում մեր նպատակն է վերադառնալ 75 տոկոսի»,- հայտարարել է Լ.Ալթունյանը:
Նրա խոսքով՝ ընկերությունն առայժմ չի առաջարկում ԿԲ-ին ԱՊՊԱ-ի սակագինը ավելացնել: «Այն սոցիալական բարդ հետեւանքներ կունենա, մենք դա հասկանում ենք: Այնուամենայնիվ, վթարների գնահատման ու գրանցման մոտեցումները պետք է փոխել: Հարցը մեծ հաշվով սպառողի կողմից է, սակայն նա երբեմն չէի ասի ոչ ադեկվատ, բայց անարդար պահվածք է դրսեւորում»,- նշել է Լ.Ալթունյանը:
Նրա կարծիքով՝ 2014 թ. հունվարի 1-ից բոնուսային գործակիցները, հաշվի առնելով վարորդական եռամյա պատմությունը ԱՊՊԱ-ի ներդրումից, կարող է նվազեցնել սակագնի այդ բեռը եւ կարգավորել ապահովագրական ընկերությունների իրավիճակը: «Ես չէի ասի, որ սա կարող է դադարեցնել շահույթ ստանալու ցանկությունը, սակայն ինչ-որ կերպ միջին մակարդակի բերել կորստի հարաբերակցությունը` կարող է», - ասաց Լ. Ալթունյանը:
Նշենք, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանի ապահովագրական ընկերությունները ավելի հաճախ էին դժգոհում վարորդների ցանկությունից վճարել «զրոյական» վթարների դիմաց: Ուստի ընկերությունները խստացրել են իրենց գործակալներին ներկայացվող պահանջները:
2013թ.-ի երկրորդ եռամսյակում ընկերությունը փակել է 203 մլն դրամ կորստով: Ընդ որում կորուստը, հիմնականում պայմանավորված ԱՊՊԱ-ի հետ, աճում է. 2012թ.-ի երկրորդ եռամսյակը փակվել էր 251 մլն դրամ եկամտով: Ընթացող տարվա երկրորդ եռամսյակում ապահովագրական պարգեւատրումների չափը կազմել է 4,7 մլրդ դրամ:
«ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն Հայաստանում ապահովագրական խոշորագույն ընկերություններից մեկն է եւ հանդիսանում է ռուսական «Ինգոստրախ» ապահովագրական ընկերության 100 տոկոսանոց դուստր-ձեռնարկությունը:





























