Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների ստորագրման 4-ամյակին մեկնել է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռն։

Թուրքական «Ջիհան» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 10-ին մեկնել է Բեռն, որտեղ նրան ընդունել է Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրգհալտերը։

Նշվում է, որ կողմերը հանդիպման ժամանակ քննարկելու են երկու երկրների միջեւ համագործակցության եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։

Նշենք, որ 4 տարի առաջ այս օրը՝ 2009-ի հոկտեմբերի 10-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում  Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք այնուհետ պետք է վավերացվեին երկրների խորհրդարաններում, սակայն թուրքական կողմի ապակառուցողական մոտեցման եւ եւ առաջ քաշված նախապայմանների պատճառով արձանագրությունները չեն վավերացվել։