«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության անդամները փոխել են «Ծածկած շուկան» վերականգնելու պահանջով իրենց ամենօրյա ակցիայի երթուղին։ Հոկտեմբերի 10-ին Մաշտոցի պուրակից սկսված երթը շուկայի ճանապարհից շեղվեց, Ամիրյան փողոցով մասնակիցներն իջան դեպի Տիգրան Մեծ պողոտայի «Երեւան սիթի» սուպերմարկետ, ու սկսեցին վանկարկել՝ «բոյկոտ, բոյկոտ»։ Ակցիայի մասնակիցները քաղաքացիներին կոչ են անում բոյկոտել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցը, քանի որ «մեր գումարները մտնում են նրա գրպանը, որով նա հետո ոչնչացնում է մեր մշակութային արժեքները»։
Մինչ այդ շուկայի մոտ հավաքվել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին սատարող մոտ հիսուն մարդ։ «Չհասկացան, որ շուկան բացվավ, պրծավ։ Ի՞նչ են սաղ օրը գալիս գնում»,- դժգոհում են նրանք։
Նրանցից մեկը հավաքվածներին ցուցմունք է տալիս. «Հենց գան, կգոռաք՝ հեռացեք»։































