Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը ստորագրել է Վանի նահանգապետի դիմումը՝ թույլատրելով, որ հայերը տարին մեկ անգամ կարողանան Վանի Ախթամար կղզու Ս. Խաչ եկեղեցում կրոնական արարողություններ իրականացնել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ այս լուրը Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն Կիեւում է լսել եւ շնորհակալություն հայտնել նախարարին՝ նման որոշման համար։ Վանի նահանգապետը նշել է, որ այս որոշումը կխթանի Վանում հոգեւոր զբոսաշրջության զարգացմանը։ Նահանգապետը նշել է, որ այս սեպտեմբերի 12-ին Վան այցելող բոլոր հյուրերին հավուր պատշաճի կդիմավորեն (ավելի վաղ նահանգապետը սեպտեմբերի 12-ը նշել էր որպես Ախթամարի եկեղեցու վերաբացման ամսաթիվ. Վարագա Սուրբ Խաչի տոն):
Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի կողմից ընդունված որոշման մեջ նշվում է, որ թույլատրվում է տարին մեկ անգամ, սեպտեմբեր ամսի երկրորդ կեսին իրականացնել կրոնական արարողություններ, իսկ արարողությունների ամսաթիվը կորոշի Վանի նահանգապետարանը։
NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն վերջակետ էր դրել Վանի Սուրբ Խաչ եկեղեցու բացման շուրջ ընթացող խոսակցություններին։ Վանի նահանգապետը դեմ էր դուրս եկել Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունային եւ հայտարարել, որ նրա հայտարարությունը, թե Ախթամարի Սուրբ Խաչը չի բացվելու, հին խոսքեր են։ «Ախթամարի Ս. Խաչ եկեղեցին 2010 թվականի սեպտեմբերի 12-ին կբացվի կրոնական արարողությունների համար»,-հայտարարել էր Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն։
Դրանից առաջ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հրաժարվել էր հաստատել Ախթամարի Ս. Խաչը կրոնական արարողությունների համար բացելու՝ Վանի նահանգապետի դիմումը՝ ասելով, որ Ս. Խաչը չկա կրոնական արարողություններ անցկացնելու համար նախատեսված հաստատությունների ցանկում։



























