ՀՊՃՀ-ում դասախոսների աշխատավարձերի նվազումը պայմանավորված է մուտքերի պակասով եւ ժամավճարների նոր հաշվարկով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ բուհի արդյունավետ կազմակերպման հարցը դարձել է ամենօրյա խնդիր, քանի որ ուղղակի պակաս կա միջոցների պարագայում, երբ բուհը պետք է իր առաքելությունը իրականացնի եւ պատրաստի որակյալ կադրեր, պետք է կարողանա լրջորեն հաշվել ամեն մի դրամի նպատակային, արդյունավետ ծախսը։ Իսկ համալսարանի մուտքերը այս տարիների ընթացքում կախված են եղել ընդունելության չափաքանակներից, սոցիալ-տնտեսական պայմաններից, եւ մի շարք մասնագիտությունների պահանջված, ոչ պահանջված լինելու խնդրից։
«Պրոֆեսադասախոսական կազմին վարձատրության նոր համակարգին անցնելու հետ կապված առաջացավ անհամաձայնություն, աշխատակիցների մի որոշակի մաս խնդիրը դրվում է այսպես՝ ազնիվ է, որ անցնում ենք աշխատանքի ճիշտ հաշվման ձեւին, բայց համաձայն չենք, որ աշխատավարձերը նվազի»,- ասաց նա։
Բուհի կենսագործություն ապահովելուց հետո մնում է գումար, որով պետք է վճարեն անձնակազմին։ Յուրաքանչյուր տարի, ըստ ուսանողների թվի, կազմվում են ուանողական պլաններ։ Այս տարի որոշեցին տարբերակել, եւ դասախոսության ժամի համար ավելի շատ վճարել, քան կոնսուլտացիայի ժամի համար, նույն ձեւով գործնականի ժամը ավելի շատ պետք է վճարվի, քան ստուգարքի ժամը։ «Որոշեցին տարբերակված ժամադրույքներ սահմանել, ընդհանուր գումարը եւ ժամերի ծանրաբեռնվաությունը բաժանեցինք եւ ստացան միջին թիվ, որն էլ վերցրել են որպես սկզբնակետ եւ ըստ գիտական աստիճանի՝ այն տարբեր է տարբեր դասախոսների համար։ Այս տարբերակումների արդյունքում հիմնական մասի մոտ աշխատավարձերի իջեցում է լինում»,- ասաց ռեկտորը։
Արա Ավետիսյանը պարզաբանեց, որ անցած տարվա լսարանային եւ արտալսարանային ժամերի հավասար վճարվելու դեպքում՝ այս տարի լսարանային ժամերի վճարը ավելացրել են, արտալսարանայինը՝ նվազել, հետեւաբար դասախոսներից ում մոտ շատ էին արտալսարանային ժամերը, նրա աշխատավարձը նվազել է։
Իսկ լսարանային եւ արտալսարանային ժամերը սահմանում է ամբիոնը։ Արա Ավետիսյանը շեշտում է, որ այս ամենի նպատակը մեկն է՝ ով ինչ ծանրաբեռնվածությամբ եւ ժամի բարդութամբ աշխատի, այնքան էլ կստանաս, ով ինչքան աշխատի, այնքան էլ կստանա։





























