Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 11-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին եւ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին:
Աշխատանքային հանդիպման առանցքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների օրակարգն էր: Կողմերը համաձայնության են եկել օրակարգային հարցերի իրականացմանն ուղղված քայլերի շուրջ:
Ռուսական կողմը, բացի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովից, ներկայացնում էին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, պաշտոնատար այլ անձինք: Տիգրան Սարգսյանի գլխավորած աշխատանքային խմբում ընդգրկված էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, պաշտոնատար այլ անձինք:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունում հանդիպումից հետո կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Մաքսային միության միջեւ կնքված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը:
ՀՀ վարչապետն այցելել է նաեւ Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցական համալիր, այնուհետեւ եղել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում տեղակայված Հայաստանի մշտական տաղավարում, ծանոթացել տաղավարի աշխատանքներին, ներկայացված ընկերությունների գործունեությանը:
































