Ազատամարտիկները շատ բորբոքված են եւ տրամադրված են, որ հաջորդ դատական նիստին Վոլոդյա Ավետիսյանին տեսնել ազատության մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փառապանծ մարտիկներ» հ/կ նախագահ Գրիշա Սարգսյանը` հայտնի «Ժարիտ Գրիշ» մականունով:
«Ազատամարտիկները ասում են՝ այսօր Վոլոդյան է, վաղը կլինի Պողոսը, Պետրոսը եւ հերթով կարող է բոլորին էլ անհիմն դատեն»,- նշեց Գրիշա Սարգսյանը: Դիտարկմանը, թե թեեւ նախորդ դատական նիստը փակ էր, բայց ազատամարտիկները ներխուժեցին դատարանի դահլիճ Վոլոդյա Ավետիսյանին տեսնելու համար, արդյոք հնարավոր են այլ սրացումներ, եթե հերթական դատական նիստին էլ նրան ազատ չարձակեն, Սարգսյանն ասաց. «Բացառված չէ: Չեմ բացառում, որովհետեւ ազատամարտիկները առանց այդ էլ հիասթափված, հուսալքված եւ բորբոքված են: Նրանք, պարզապես բարոյական ազդեցություն գործադրելով դատավորի վրա, կփորձեն ստիպել, որ նա դատարանի դահլիճից Վոլոդյա Ավետիսյանին բաց թողնեն: Բայց չեմ կարծում, որ նման քայլի կդիմեն, որովհետեւ ազատամարտիկների մեծ մասը սպաներ են, կոչումներ են կրում եւ գիտեն օրենքի, օրինականության տարի ազդեցությունը»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 10-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրան ստորագրությամբ ազատելու հայցով նիստն անցել է դռնփակ, ինչը վրդովմունքի ալիք է բարձրացրել ազատամարտիկին սատարելու եկած մարտընկերների շրջանում։ Դատարանի բակում հավաքված ազատամարտիկները ներխուժել են դատարանի դահլիճ, սակայն, ավելի ուշ դուրս եկել, քանի որ Վոլոդյա Ավետիսյանը խնդրել էր «բոյկոտ» չանել եւ հանգիստ սպասել նիստի ավարտին: Նիստն ընդհատվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 14-ին։





























