«Ժամանակն» անդրադարձել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոսների բողոքին։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Երեկ բողոքի իր խոսքը բարձրացրեց համալսարանի Ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը՝ ասելով, որ աշխատավարձը նվազել է, աշխատանքի ծավալը՝ մեծացել։ Նա նշեց, որ ուսման վարձերի բարձրացման հետեւանքով ուսանողների թիվը նվազել է որոշ չափով, իսկ ուսման որակն ընկնում է անհամեմատ ավելի:
Խաչատրյանի փոխանցմամբ՝ նախօրեին բուհի կոլեկտիվի քննարկումների արդյունքում շատերի մեջ կարծիք է ձեւավորվել, որ բուհը կոլապսի վիճակում է, ուստի ռեկտորը ստիպված կրճատում է դասախոսների աշխատավարձը:
«Ռեկտորը կատարում է կրճատումներ, բայց քողարկված ձեւով, բարեփոխումների անվան տակ: Ռեկտորի անձի դեմ անձնավորված խնդիր չկա, պարզապես մենք տեսնում ենք, որ մեր բուհը գտնվում է քայքայման շեմին: Ռեկտորի վարած քաղաքականության դեմ արտահայտվում են նաեւ համալսարանի նախկին ռեկտորները: Մեր կարծիքով՝ քննարկումներից երեւում է, որ կառավարման խորհրդի գումարման անհրաժեշտություն կա, ամենայն հավանականությամբ՝ մենք նոր ստորագրահավաք կսկսենք, նամակ կուղղենք ԿԳ նախարարին, կառավարման խորհրդի նախագահին»,- ասաց նա՝ նշելով, որ նամակում կարտացոլվեն իրենց պահանջները: Ամենայն հավանականությամբ՝ նամակում խնդրանք կլինի՝ քննարկել Արա Ավետիսյանի՝ ռեկտորի պաշտոնում մնալ-չմնալու հարցը: Սա տպավորություն է. պետք է աուդիտ, մենք լիազորություններ չունենք ստուգելու մուտքեր-ելքերը, ծախսերը:
Ա.Խաչատրյանը նշեց, որ բուհում արդեն 150 000 ժամ է կրճատվել: Դա մոտավորապես 220 դասախոսի աշխատատեղ է: Հիմա փորձում են համոզել, որ այդքան ժամ է կրճատվել, եւ ոչ մի դասախոս չի տուժել: Հայտարարել են, որ միայն չորս դասախոս է կրճատվել, սակայն կա հրաման, որտեղ 34 հոգի են կրճատվել»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























