Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ Երեւան քաղաքի դատախազ նշանակեց Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանին, ով փոխարինելու  է Հրաչ Բադալյանին։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Վերջինս էլ նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ։ Երեւանի նորանշանակ դատախազ Արթուր Դավթյանից երեկ «Ժամանակը» հարցրեց՝ ի՞նչ է պատրաստվում փոխել Երեւանի դատախազությունում, արդյոք որպես նոր նշանակված դատախազ ինչ-որ փոփոխություն բերելո՞ւ է դատախազությունում։

«Դա շատ գլոբալ հարց է»,- հայտարարեց նա՝ հավելելով, թե ավելի ուշ կպատասխանի այդ հացին։ Դավթյանը չպատասխանեց նաեւ հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է գլխավոր դատախազի հետ, իսկ, թե իր կարծիքով, ինչու հենց ինքն ընտրվեց Երեւանի դատախազ, նորանշանակ դատախազը հայտարարեց. «Էդ հարցը ճիշտ հասցեատիրոջ չեք տալիս»»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):