Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կլանը հերթական անգամ հետաքննության կենտրոնում է հայտնվել՝ օֆշորային խոշոր ընկերություններին մասնակից լինելու պատճառով:

Contact.az-ում հրապարակված հոդվածի համաձայն, կլանը հսկայական ընկերություններ ունի: Հրապարակումը պատրաստվել է Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցության (International Consortium of Investigative Journalists) լրագրող Ստեֆան Կանդեայի հետաքննության հիման վրա:

Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում բարձրացող Flame Towers-ը, Հեյդար Ալիեւի կենտրոնը, «Շահդաղ» տուրիստական համալիրը, «լյուքս» դասի առանձնատները, մենաշնորհային դիրքերը սննդի արդյունաբերության մեջ՝ սկսած կերակրի աղից եւ վերջացրած յուղով, բազմամիլիոնանոց պետական պատվերները… այս ամենը Ադրբեջանում գործող  «Azersun» հոլդինգի պատմությունից:

International Consortium of Investigative Journalists – ICIJ-ի հետաքննությամբ պարզվել է, որ հաջողության այդ տարեգրության կողքին նաեւ կա կոռուպցիայի տարեգրությունը: Դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, նրա երեխաների եւ կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի բիզնես-շահերն են, որոնք իրականացվում են օֆշորային ընկերությունների միջնորդությամբ:

Կանդեայի պեղած փաստաթղթերում ասվում է, որ ձեռնարկատեր Հասան Գոզալը 2008թ. եղել է Վիրջինյան կղզիներում ստեղծված Rosamund International ընկերության տնօրենը, իսկ ընկերությունը բացվել է Ալիեւի աղջիկների կողմից: Այդ ժամանակ Արզուն եղել է 19, Լեյլան՝ 23 տարեկան:

Ըստ փաստաթղթերի, Ալիեւները բիզնեսն օֆշորային գոտում սկսել են 2003թ.: Այդ թվականին էր մահացել Հեյդար Ալիեւը:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2010թ. The Washington Post թերթը հրապարակել է Դուբայում Ալիեւի երեք երեխաների անունով, 75 մլն դոլար արժողությամբ 9 օբյեկտների մասին: Ըստ թերթի, Ալիեւի երեխաներից միայն մեկի անունով գրանցված ունեցվածքը գերազանցում է միին ադրբեջանցու 10 հազար տարվա աշխատավարձը:

Հասան Գոզալն ու նախագահի ընտանիքը չեն պատասխանել ICIJ-ի հարցումներին, տեղեկություններ չեն ներկայացվել նաեւ հայտարարագրերում: