Պաշտպանության նախարարությունը զոհված ազատամարտիկների բնակարանի կարիք ունեցող ընտանիքների հաշվառում է կատարել եւ խմբերով առանձնացրել, սակայն ծրագիրը դանդաղել է, քանի որ 2010 -2011թթ. շինարարությանը հատկացվող գումարները նվազել են: Այս մասին հոկտեմբերի 23-ին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի այն հարցին, թե երբ կավարտվի զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը:
Ըստ Սարգսյանի՝ սկզբնապես նախատեսվել էր, որ ամեն տարի շինարարության համար հատկացնել 3 միլիարդ դրամ, սակայն բյուջետային ճշտումներից եւ կրճատումներից հետո այդ գումարը նվազել էր մինչեւ 500 միլիոն դրամի: «Ներկայումս մենք պաշտպանության նախարարության հետ մշակում ենք մի ծրագիր, որը հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում լուծել այդ խնդիրը, այսինքն՝ ֆինանսավորումը կավելացվի»:
Ըստ Սարգսյանի՝ ակնհայտ է, որ խնդիրը դժվար կլինի լուծել 500 միլիոն դրամ ֆինանսավորման դեպքում, սակայն դա առաջնահերթ խնդիր է, որի լուծման համար խնայողություններ կարվեն երկրի բյուջեում:




























