Թեեւ նկատվել է «Հյուսիս հարավ» ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարական աշխատանքների որակի որոշակի աշխուժացում, սակայն դեռեւս առկա են շինարարության կազմակերպման եւ որակի բարձրացման խնդիրներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «Իզոլյուքս Կորսան» ընկերության ներկայացուցիչների հետ՝ ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Մարիո Բարսենիյայի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

«Իզուլյուքս Կորսան» ընկերությունն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 1 եւ Տրանշ 2-ով նախատեսված շինարարական աշխատանքները:

Նախարարն ընկերության նորանշանակ ղեկավարի առաջ եւս հստակ խնդիր դրեց իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ ամենօրյա հսկողություն իրականացնելու եւ սահմանված ժամկետում դրանք ավարտելու համար:

«Առաջին իսկ օրվանից իմ գլխավոր պահանջը եղել է նախագծի համաձայն աշխատանքների իրականացումը, քանի որ խոսքը Հայաստանի համար կարեւոր ռազմավարական նշանակության ծրագրի մասին է: Մեզ անհրաժեշտ է, որ պայմանագրի կետերն իրագործվեն, եւ  կարեւորագույն այս ծրագիրը բարձր որակով հասցնենք ավարտին: Յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի նախագծի համաձայն. որեւէ շեղում չենք ընդունի»,-նշել է նախարարը:

Նախարարը ընդգծեց, որ ընկերությունը պետք է ավելի սերտ համագործակցի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ, ինչը դրական կանդրադառնա շինաշխատանքները ժամանակին ավարտելուն: 

Մարիո Բարսենիյան կիսել է նախարարի մտահոգությունները՝ նշելով, որ իրենց մասնագետներն ամբողջովին ընդգրկված են աշխատանքներում, ինչը կնպաստի  առաջադրված խնդիրների լուծմանը: