Մանչեսթերի արվարձաններից մեկի բնակչուհին պաշտպանում է պետական աջակցություն ստանալու իր իրավունքը աշխատանքի անցնել չկարողանալու պատճառով, քանի որ նա կոշիկի հանդեպ ալերգիա ունի: Տեղական իշխանությունները որոշել են զրկել նրան սոցաջակցությունից ուսումնասիրության արդյունքների հիման վրա, որը ցույց է տվել, որ կինը կարող է աշխատել:
Չորս երեխաների 54-ամյա մայր Թրեյսի Քեննին աշխատանքից դուրս է եկել 20 տարի առաջ՝ հայտարարելով, որ չի կարող աշխատել փոշու, ռետինի, սոսնձի, նիկելի ու մետաղի հանդեպ ունեցած ալերգիայից: Կնոջ դիմումի համաձայն նա նաեւ չի կարող կոշիկ կրել՝ նույնիսկ հատուկ նյութերից պատրաստված լինելու դեպքում: Այս ողջ ընթացքում կինը շաբաթական 110 ֆունտ ստեռլինգ նպաստ է ստացել, ինչպես նաեւ անվճար դեղամիջոցներ, գրում է Daily Mail թերթը: Կնոջ տան հատակը փայտից լամինապատված է, նա կրում է հողաթափեր, որոնցով էլ գնում խանութ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վերջին 20 տարվա ընթացքում կինը պետության կողմից մոտ 100 հազար ֆունտ ստեռլինգ գումար է ստացել: Ընդ որում Քեննին օրական 20 դեղահաբ է ընդունում: Կինը հայտարարում է, որ չի կարող ճաշ պատրաստել ու ինքնուրույն լոգանք ընդունել, քանի որ ձեռքերը քիմիական նյութի դիպչելուց այտուցվում են:





























