Մարդիկ հակված են աղավաղելու սեփական արարքների հետևանքների մասին պատկերացումները՝ եսասիրական որոշումներն արդարացնելու կամ իրենց բարությունն ընդգծելու համար։ Սակայն Ցյուրիխի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նման աղավաղումները միատեսակ չեն տարածվում․ եսասիրության արդարացումները կարող են ազդել շրջապատի մարդկանց վարքի վրա, մինչդեռ ալտրուիստական արարքների օգուտի չափազանցումը նման ազդեցություն չի ունենում։
Հետազոտության շրջանակում, որի արդյունքները հրապարակվել են Nature Human Behaviour հանդեսում, գիտնականներն անցկացրել են ինը առցանց փորձ՝ 8769 մարդու մասնակցությամբ, հիմնականում՝ Միացյալ Նահանգներից։ Մասնակիցներին առաջարկել են ընտրել իրենց համար շահավետ տարբերակի և մի որոշման միջև, որն ավելի մեծ օգուտ էր բերում մեկ այլ մարդու, բայց անձնական ծախսեր էր պահանջում:
Եսասիրական ընտրության դեպքում մասնակիցը ստանում էր յոթ միավոր, իսկ մյուս մարդը՝ մեկից երեք միավոր։ Ալտրուիստական ընտրության դեպքում առաջինը ստանում էր հինգ միավոր, իսկ երկրորդը՝ երեքից հինգ միավոր։ Ընդ որում, մյուս մարդու ստանալիք միավորների ճշգրիտ քանակը մնում էր անհայտ։
Հետազոտողները պարզել են, որ մասնակիցները հաճախ անորոշությունը մեկնաբանում էին իրենց օգտին։ Եսասիրական տարբերակն ընտրողները չափազանցնում էին դրա օգուտը մյուս մարդու համար և նվազեցնում ալտրուիստական տարբերակի առավելությունները։ Դրա շնորհիվ նրանց որոշումը շրջապատի համար նվազ վնասակար էր թվում։
Ալտրուիստական տարբերակը նախընտրող մասնակիցները ևս աղավաղում էին գնահատականները, սակայն հակառակ ուղղությամբ․ նրանք չափազանցնում էին իրենց որոշման օգուտը և երբեմն գերագնահատում մերժված տարբերակի ենթադրյալ առավելությունները՝ ընդգծելով սեփական անձնազոհությունը։
Ըստ հետազոտության առաջին հեղինակ Մարիուս Ֆոլբերգի՝ աղավաղումներն առաջանում էին ոչ միայն որոշումն ընդունելուց հետո, երբ մարդը կարող էր փորձել արդարացնել իր ընտրությունը, այլև դրանից առաջ։ Դա վկայում է, որ մարդիկ կարող են նախապես մեկնաբանել անորոշ հետևանքներն այնպես, որ ցանկալի որոշումն իրենց ավելի ընդունելի թվա։
Ամենաանսպասելի արդյունքը շրջապատի մարդկանց վրա նման գնահատականների ազդեցությունն էր։ Երբ մասնակիցներին ցույց էին տալիս որոշումների հետևանքների՝ ուրիշների մեկնաբանությունները, որոնք արդարացնում էին եսասիրությունը, նրանք իրենք էլ ավելի հաճախ էին ընտրում անձամբ իրենց համար շահավետ տարբերակը։ Ալտրուիստական աղավաղումները նման ազդեցություն չէին ունենում։
Թեև եսասիրական տիպի աղավաղում դրսևորում էր մասնակիցների 10%-ից պակասը, այն կարող էր ազդել այլ մարդկանց վարքի վրա և այդպիսով տարածվել խմբում։
Հեղինակները կարծում են, որ արդյունքներն օգնում են բացատրել կլիմայական քաղաքականության, սպառման, բարեգործության և սոցիալական աջակցության շուրջ տարաձայնությունները։ Վեճեր կարող են առաջանալ ոչ միայն արժեքների տարբերությունների պատճառով, այլև այն պատճառով, որ մարդիկ տարբեր կերպ են գնահատում իրենց գործողությունների հետևանքները։
Միաժամանակ հետազոտողներն ընդգծում են, որ փորձերը միտումնավոր վերացական էին, իսկ մասնակիցների մեծամասնությունը Միացյալ Նահանգների բնակիչներ էին։ Ուստի առայժմ անհայտ է, թե որքան լայնորեն են այս օրինաչափությունները դրսևորվում իրական իրավիճակներում և այլ մշակույթներում։ Գիտնականները նաև պետք է պարզեն, թե ինչու են եսասիրության արդարացումներն ավելի վարակիչ, քան ալտրուիստական հակվածության օգուտն ընդգծող մեկնաբանությունները։





























