Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման գլխավոր հեղինակ Քենան Էվրենի եւ Թահսին Շահինքայայի համար դատախազությունը պահանջում է ցմահ ազատազրկում։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Անկարայի ծանր հանցագործությունների գծով 12-րդ դատարանում 1980-ի սեպտեմբերի 12-ի հեղաշրջման գործով 17-րդ դատական նիստի ժամանակ գլխավոր մեղադրյալների հետ կապը հաստատվել է տեսակոնֆերանսի միջոցով, քանի որ նրանք առողջական խնդիրների պատճառով գտնվում են հիվանդանոցում։

Դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը հայտարարեց, որ 1980-ի սեպտեմբերի 12-ին մարդկության դեմ հանցանքն է իրականացվել, որը չունի վաղեմության ժամկետ եւ պահանջել գլխավոր 2 մեղադրյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։  Դատախազը պահանջել է նաեւ 2 մեղադրյալներին հանել Թուրքիայի զինված ուժերից եւ հետ վերցնել նրանց կոչումները։

Նշենք, որ Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ին իրականացված զինվորական հեղաշրջման գլխավոր դերակատարը հանդիսացել է այն ժամանակվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենը, ով հեղաշրջումից հետո դարձել էր Թուրքիայի նախագահ։ Էվրենի դեմ ներկայացված է «հեղաշրջման իրականացում» եւ «զենքով սահմանադրական  կարգի փոփոխություն» մեղադրանքներ։

2010-ի սեպտեմբերի 12-ի հանրաքվեով Թուրքիայի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարվեց։ Այդ փոփոխությամբ՝ հանվել է այն կետը, որով արգելվում էր դատապարտել 1980-ի հեղաշրջման մասնակիցներին։

Քենան Էվրենը ներկայումս 94 տարեկան է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, թե ավելի լավ է ինքնասպան լինի, քան դատվի հեղաշրջման համար։