Դա արդեն ցինիզմ է, բոլորին աշխատավարձ պետք է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե Գալուստ Սահակյանի եւ Հովիկ Աբրահամյանի աշխատավարձը չպետք է բարձրացնել։
«Պետք է նման դեպքերին ասել, որ ոչ թե Հովիկ Աբրահամյանը կամ Գալուստ Սահակյանն են այդ աշխատավարձը ստանում, այլ պաշտոնն է գնահատվում, վաղը մյուս օրը նորերը կգան այդ պաշտոնում, ինչքան ապահովված կլինեն պետական չինովնիկները, այդքան շահախնդիր կլինեն լավ մասնագետներ բերել, իշխանությունը գործիք է պետության ձեռքին, եւ ինչքան լավ գործիքներով աշխատես, այնքան հաջողություններ կունենաս»,- ասաց Գալուստ Սահակյանը։
Խմբակցության ղեկավարը շեշտեց, որ բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ են լավ մասնագետներ, որոնց պետք է վարձատրել։ Նա բողոքեց, որ կոպեկներ են հաշվում գործուղումները քչացնեու համար,սուղ պայմաններում փորձում են որոշակիորեն խնդիրներ լուծել։ «Այնպես չէ, որ մոտեցումը այնպիսին է, որ Գալուստ Սահակյանը այդ աշխատավարձը չստանա, սոցիալապես անապահով է դառնալու, սա պետության իմիջի հարց է։ Զորավոր է այն պետությունը, հաարակությունը, որը կարողանում է ունենալ ապահովված իշխանություն, որը պարտավորեցնում է օրուգիշեր խնդիրներ լուծել»,-ասաց Գալուստ Սահակյանը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























