Սննդամթերքի տարածաշրջանային ստանդարտացման ԵՄ-ի պահանջը Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ «թանային» ճգնաժամի առիթ է դարձել։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝  Գերմանիան պահանջում է, որ Թուրքիայի արտադրած թանը Գերմանիայում վաճառվի ԵՄ-ի ստանդարտներով ջերմային մշակմամբ (Ultra High Temperature-UHT), իսկ Թուրքիան դեմ է այդ պահանջին՝ շեշտելով, թե բարձր ջերմային մշակումը վերացնում է թանում առկա օգտակար կենդանի օրգանիզմները։

Գերմանիան այս համատեքստում հրաժարվում է թուրքական թանը (ayran) ճանաչել։ Գերմանական կողմը պնդում է, որ UHT մշակմամբ անցած թանը անվտանգ է եւ պահպանվում է շատ երկար։

Թուրքական կողմի պնդումները ստուգելու համար Գերմանիայից լաբորատոր փորձագետների խումբ է ժամանել Թուրքիա, ովքեր կաթնամթերքի գործարաններում կուսումնասիրեն խնդիրը եւ թուրքական կողմին կներկայացնեն իրենց արդյունքները։

Նշենք, որ Թուրքիայում տարեկան սպառվում է 1 մլն 600 հազար տոննա թան, որը թուրքերն անվանում են «այրան»։