Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Եստրաբին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ հարաբերությունների ընդլայնումը քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ուղղություններով: «Շնորհակալ ենք Ձեզ կատարած աշխատանքի համար: Կան գործունեության որոշակի ոլորտներ, որտեղ Չեխիան զարգացման բարձր մակարդակ ու մեծ փորձ ունի, եւ մենք շահագրգռված ենք այդ բնագավառներում համագործակցության խորացմամբ», - նշել է վարչապետը:

Իր հերթին դեսպանն ընդգծել է, որ Չեխիան Հայաստանը համարում է իր բարեկամը եւ շահագրգռված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ բոլոր ոլորտներում: Նա շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության եւ ջերմ վերաբերմունքի համար:

Կողմերը գոհունակություն են հայտնել վերջին տարիներին հայ-չեխական համագործակցության ինտենսիվ զարգացման կապակցությամբ: Երկուստեք կարեւորվել է առեւտրատնտեսական կապերի աշխուժացումը եւ նոր ոլորտների բացահայտումը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը: Այս համատեքստում դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է չեխ գործարարների պատվիրակության այց Հայաստան՝ երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով:

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իվան Եստրաբին հայ-չեխական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ավանդի համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: