Հայաստանի նախագահը դիմել է Մաքսային միության անդամ երկրների նախագահներին, որպեսզի հնարավորինս շուտ համաձայնություն տան բոլոր համաձայնագրերի վավերացմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ ներկայացնելով Մինսկում հոկտեմբերի 24-ին ավարտված Եվրասիական տնտեսական բարձրագուն խորհրդի գագաթաժողովի արդյունքները, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Շուվալովը հայտարարել է, որ Հայաստանի՝ Մաքսային միություն եւ Միասնական տնտեսական տարածք մտնելու «Ճանապարհային քարտեզը» պետք է նախապատրաստված լինի մինչեւ Մոսկվայում կայանալիք դեկտեմբերի գագաթաժողովը։
«Հայաստանի մասով հստակ որոշվել է, որ աշխատանքային խումբը սկսում է աշխատանքը, եւ «Ճանապարհային քարտեզն» ու առաջին արդյունքները կներկայացվեն արդեն Խորհրդի հաջորդ՝ դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք նիստի ընթացքում»,– ասել է նա։
Շուվալովը հավելել է, որ Հայաստանը միաժամանակ խոստանում է մի քանի ամսվա ընթացքում ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ նորմատիվա-իրավական հիմքը։
Նա նշել է, որ Երեւանը պատրաստ է միանալ միության նորմատիվա-իրավական հիմքին՝ «ամբողջությամբ, առանց վերապահումների ու սահմանափակումների»։
Շուվալովը նաեւ հավելել է, թե որոշվել է, որ աշխատանքային խումբը կգործի եւ կորոշի ժամկետները՝ առանց շտապեցման որեւէ հատուկ մեխանիզմի, որպեսզի այնպիսի տպավորություն չլինի թե ինչ-որ բան արհեստակաորեն Հայաստանը ձգում է Մաքսային միության մեջ»։
Շուվալովը նաեւ չի բացառել, որ Հայաստանի միացումը ինտեգրացիոն միավորմանը կկատարվի երկու փուլով՝ Մաքսային միություն եւ Միասնական տնտեսական տարածք։




























