«ԱրմենՏելը» կօգնի սահմանափակ հնարավորություններով երեխաներին՝ ելույթ ունենալու բեմի վրա: Ինչպես այսօր լրագրողներին է հայտարարել «World Vision Armenia»-ի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, «Գործիր հօգուտ ապագայիդ» ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Մենք» մանկական թատերախումբը, որը բաղկացած է 25 – 35 երեխաներից: Նրանցից 16-ը սահմանափակ հնարավորություններ ունեն: Երեխաները ելույթ կունենան Երեւանում, Թալինում, Ապարանում, Գյումրիում, հետոէ կրկին Երեւանում՝ Տիկնիկային թատրոնի բեմում: Առաջին բեմադրությունը կներկայացվի նոյեմբերի կեսին Ապարանում:

Ինչպես նշել է «Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն Լուսինե Սիմոնյանը, մանկական թատերախմբում կազմակերպիչները որոշել են ներառել ոչ միայն հիվանդ, այլեւ առողջ երեխաների՝ դրանով ցույց տալով, որ ինչպես բնությունում կան ուժեղներ եւ թույլեր, այնպես էլ մարդկանց մեջ: Սակայն նրանք բոլորն էլ հավասար են:

Մանկական թատրոնը, որպես ներառական նախագիծ, ընտրվել է հիմնվելով ռուսական եւ իտալական փորձի վրա:

Ինչպես ընդգծել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ընկերությունը «Մանկական զարգացման հիմնադրամի» հետ աշխատում է 2011-ից: Նա նաեւ հավելել է, որ նման նախագծերն իրենց պարտականությունն ու ուրախությունն են:

Ընդգծենք, որ Հայաստանում բնակվում է սահմանափակ հնարավորություններով մոտ ութ հազար երեխա: