ԱՄՆ-ում թմրանյութերի կազմակերպված վաճառքի համար ցմահ բանտարկության են դատապարտել երաժշտական պրոդյուսեր ու ձեռնարկատեր Ջիմի Հենչմանը (Ջեյմս Ռոուզմոնդ):

Դատարանի կայացրած վճռի համաձայն՝ Հենչմանը կազմակերպել է կոկայինի տեղափոխման ցանց, որի շրջանառությունը միլիոնավոր դոլարներ էր կազմում: Մասնավորապես, ԱՄՆ-ի տարածքում թմրանյութերի տեղափոխման համար օգտագործում էին երաժշտական սարքավորումներով բեռնված նավերը, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով The Smoking Gun-ին:

Հենչմանի փաստաբանները  պնդում էին, որ իրենց պաշտպանյալը խաբեության զոհ է: Հենչմանի գործով դատավճիռը կայացվել էր դեռ 2012թ.-ին, սակայն ազատազրկման չափը դատարանը հնչեցրել է միայն հիմա:

Բացի թմրավաճառության կազմակերպման մեղադրանքից, Հենչմանը մասնակից է Լոուլել Ֆլեթչերի պատվիրված սպանության գործում: Սպանությունը գործել էին 2009թ.-ին, վարկածներից մեկի համաձայն՝ Հենչմանն է կազմակերպել այն, որպեսզի վրեժ լուծի որդու համար, ում վրա մի քանի տարի առաջ հարձակվել էր Ֆլեթչերը: Բացի այս ամենը, Հենչմանին մասնակից են համարում 1994թ.-ին ռեփ երգիչ Թուփաք Շակուրի դեմ հարձակման կազմակերպմանը, որի հետեւանքով Շակուրը հրազենային մի քանի վնասվածք էր ստացել, բայց ողջ էր մնացել:

Ջիմի Հենչմանը Czar Entertantment ընկերության հիմնադիրն է, նա զբաղվում էր պրոդյուսերական գործունեությամբ, մասնավորապես Too Short եւ The Game ռեփ երգիչների մենեջերն էր: