Մոսկվայում հիշում են Դուբրովկայի Թատերական կենտրոնի ողբերգության զոհերին։ 11 տարի առաջ գրեթե 1000 մարդ՝ «Նորդ-Օստ» մյուզիքլի դերասաններ եւ հանդիսատեսներ ահաբեկիչների պատանդ էին դարձել։
Ողբերգության վայրում հավաքվել են զոհերի հարազատներն ու ընկերները, նախկին պատանդներ, քաղաքական կուսակցությունների, հոգեւորականության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ոչ անտարբեր մոսկվացիներ։ Սգո միջոցառմանը մասնակցում են նաեւ այլ ահաբեկչություններից՝ Բեսլանից, մետրոյի պայթյուներից, Վոլգոդոնսկում շենքի պայթյունից տուժած անձանց հարազատներն ու ընկերները, փոխանցում է «Ռոսբալտը»։
Թատերական կենտրոնի հուշատախտակի մոտ ռեքվիեմից եւ 130 զոհերի հիշատակի համար լռության րոպեից հետո օդ բաց կթողնվեն 130 սպիտակ փուչիկներ: Կիրիլ եւ Մեֆոդի սուրբ առաքյալների եկեղեցում «Նորդ-Օստի» զոհերի հիշատակի պատարագ տեղի կունենա:
2002թ. հոկտեմբերի 23-ին Մովսար Բարաեւի գլխավորությամբ 40 գրոհայինների մի խումբ Դուբրովկայի Թատերական կենտրոնում «Նորդ-Օստ» մյուզիքլի ժամանակ 914 մարդու պատանդ էր վերցրել:
Բանակցությունների արդյունքում ահաբեկիչները համաձայնել էին բաց թողնել մահմեդականներին, արտասահմանցիներին եւ անչափահասների մի մասին: Այնուհետեւ Ռուսաստանի իշխանություններին պահանջ էին ներկայացրել. պետք է անմիջապես սկսեին դուրս բերել զորքերը Չեչնիայից, այլապես ահաբեկիչները մտադիր էին կրակել պատանդներին:
Կենտրոնի գրոհն սկսվել էր հոկտեմբերի 26-ին: Գործողությունն սկսելուց առաջ շենքի օդափոխման համակարգում քիմիական քնեցնող գազ էին բաց թողել, որն իբր պետք է դանդաղեցներ ահաբեկիչների գործողությունները, սակայն այն ոչ միայն ահաբեկիչների, այլեւ 130 մարդու կյանք էր խլել:
Ընդ որում, միայն հինգ պատանդներ էին զոհվել գրոհի ժամանակ, իսկ 125 մարդ վախճանվել էր հիվանդանոցներում՝ ազատվելուց հետո:





























