Ընտրատեղամասերի 70,06%-ի տվյալների հաշվարկից հետո Վրաստանի նախագահական ընտրություններում առաջատարն է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Նա ստացել է 62,13% ձայն, հայտնում է Վրաստանի ԿԸՀ-ն: 

Երկրորդ տեղում է Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն` 21,88% ձայնով: Երրորդ տեղում է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն` 10,07% ձայնով:

Ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների` Մարգվելաշվիլիի օգտին քվեարկել է 707 հազար 432 մարդ, Բաքրաձեի օօգտին` 249 հազար 118 մարդ, Բուրջանաձեի օգտին` 114 հազար 649 մարդ:

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին հավաքել է 2,88% ձայն, իսկ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության թեկնածու Գեորգի Թարգամաձեն`1,05%: Մնացած 18 թեկնածուներն առայժմ 1% էլ չեն ստացել:

Վրաստանոմ ընտրողների ընդհանուր թիվն է 3 միլիոն 537 հազար 719 մարդ, մասնակցությունը կազմել է 46,6%` կամ 1 միլիոն 648 հազար 662 մարդ: Վրաստանի նախագահական ընտրությունները կայացել են  հոկտեմբերի 27-ին: 

2012թ. հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակից հետո Մարգվելաշվիլին զբաղեցրել էր կրթության նախարարի պաշտոնը, այնուհետեւ 2013թ. փետրվարի 7-ից նշանակվել էր փոխվարչապետ: 
 «Նովստի Գռուզիան» հայտնում է, որ նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն հոկտեմբերի 27-ի երեկոյան` երեք exit-poll-ի տվյալները հրապարակումից հետո, արդեն ընդունել է իր պարտությունը եւ շնորհավորել Գեորգի Մարգվելաշվիլիին: