Ռուսաստանի Պերմի երկրամասի իրավապահ մարմինները պարզել են 2010թ. իր տան մուտքում սպանված Սոլիկամսկ քաղաքի գլխավոր ճարտարապետ Օլգա Կարապետյանի ենթադրյալ մարդասպանի ինքնությունը: Հանցագործությունը կատարել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկ Ազար Աքբարովը, որն արդեն պատիժ է կրում սպանության եւ ապօրինի զենք պահելու համար, հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները:

Կարապետյանը սպանվել էր 2010թ. մարտի 18-ին: Անհայտ հանցագործը զոհի վրա կրակել էր վերջինիս տան աստիճանավանդակում: Հանցագործը կրակել էր կնոջ որովայնին՝ ինքնաշեն խլացուցիչով  16  տրամաչափի հրացանից:

Ռուսաստանում հայուհի է սպանվել

Օլգա Կարապետյանը Սոլիկամսկի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2007թ. փետրվարին: 2009թ. հուլիսին տիկին Կարապետյանի գործուն  մասնակցությամբ հաստատվել էր Սոլիկամսկի գլխավոր հատակագիծը, որը ենթադրում էր քաղաքում  ոչ բազմահարկ շենքերի զանգվածային շինարարություն, այդ թվում նաեւ՝ ապօրինի կառուցված  շինությունները քանդելու հաշվին:   Սպանության դրդապատճառների գլխավոր վարկածներից էր գլխավոր ճարտարապետի մասնագիտական գործունեությունը: Ենթադրվում էր, որ հանցագործությունը կարող էր կապված լինել  շինությունները քանդելու որոշման կամ որեւէ շինթույլտվություն տալու հետ:  Օպերատիվ աշխատակիցները մանրազնին ուսումնասիրել էին շինարարության վերաբերյալ բոլոր թույլտվությունները կամ մերժումները, սակայն հանցագործության կատարողի կամ կազմակերպչի հետքի վրա երկար ժամանակ չէին կարողացել դուրս գալ: 

Իրավապահները նախնական հուշում կարող էին ստանալ ուղղիչ հաստատություններից մեկի իրենց գործընկերներից, որտեղ գտնվում էր Ազար Աքբարովը: 2012թ. մայիսի  31-ին նա դատապարտվել էր  զենք- զինամթերք ապօրինի պահելու համար, իսկ 2013թ. փետրվարի 8-ին՝ համարժեք հանցագործության համար Պերմի մարզային դատարանի կողմից, ինչպես նաեւ սպանության եւ կողոպուտի համար: Հանցագործին ձերբակալել էին 2012թ.: Ավելի ուշ պարզվել էր նաեւ գործարար Արթուր Աբրահամյանի սպանությանն ունեցած նրա մասնակցությունը:

Օլգա Կարապետյանի սպանությանը հանցակցության վարկածը կարող էր ուժայինների մոտ առաջանալ նաեւ Ազար Աքբարովի հեռախոսի տեսագրությունները դիտելու ժամանակ: Դրանցից մեկում պատկերված է եղել 16  տրամաչափի զենքը: Աղբյուրներն ասում են, որ քննության ընթացքում Աքբարովը իբր ընդունել է իր մեղքը: Ըստ մեղադրյալի ցուցմունքների՝ ինքը հանցագործությունը կատարել է անձնական թշնամանքից դրդված, այլ ոչ թե գումարի  դիմաց: