ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի երգիչ Գրիգորի Լեպսի նկատմամբ: Նրա հետ նույն ցուցակում է հայտնվել ոմն Արթուր Բադալյանը:
Նախարարությունը ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել վեց մարդու եւ չորս ընկերությունների նկատմամբ, որոնք ենթադրաբար կապված են Brothers՝ Circle հանցախմբի առաջնորդների հետ: Նրանց շարքում է Գրիգորի Լեպսը (իսկական անունը` Գրիգորի Լեպսվերիձե):
Ցուցակում հայտնվել են եւս երկու ռուսաստանցի` Վադիմ Լյալինը եւ Իգոր Շլիկովը: Նաեւ` Իսրայելի քաղաքացի Յակով Ռիբալսկին, Ուզբեկստանի քաղաքացի Սերգեյ Մոսկալենկոն եւ Արթուր Բադալյանը, որի քաղաքացիությունն անհայտ է: Պատժամիջոցներ են կիրառվել ռուսական MS Group Invest ԱՊԸ-ի եւ Gurgen House FZCO-ի, ավստրիական Meridian Jet Management GmbH եւ ԱՄԷ-ի Fasten Tourism LLC-ի ընկերությունների նկատմամբ, հայտնում է «Սիթի.FM»-ը: Ենթադրվում է, որ նրանք կապված են Brothers՝ Circle-ի առաջնորդներ Վլադիսլավ Լեոնտիեւի եւ Գաֆուր Ռահիմովի հետ: Լեոնտիեւը եւ Ռահիմովը ԱՄՆ-ի պատժացուցակում ընդգրկվել էին 2012 թ. փետրվարին:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Ջոն Սալիվանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հաստատել է, որ Լեպսը ընդգրկված է ցուցակում: Ըստ Սալիվանի` նման պատժամիջոցների պատճառը երգչի աշխատանքն է Վլադիսլավ Լեոնտիեւի համար, ըստ նախարարության` Լեպսը աջակցել է խմբավորմանը գումար տեղափոխելու հարցում:
Սալիվանը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն նախապես զգուշացրել էր ռուսական իշխանություններին` մի շարք ռուսաստանցիների ցուցակում ընդգրկելու մասին, ներառյալ` Լեպսին:
Brothers՝ Circle միջազգային հանցախումբը գործում է Եվրոպայի, Միջին Ասիայի, Լատինական Ամերիկայի եւ ԱՄՆ-ի տարածքում: Խմբավորումը զբաղվում է թմրանյութերի վաճառքով: Այլ խոշոր միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ճապոնական Յակուձան եւ մեքսիկական «Սետասը», այն ԱՄՆ-ի պատժացուցակում ընդգրկվել է դեռեւս 2011թ. հուլիսին:
Գրիգորի Լեպսը 2013թ. երկրորդ տեղն է զբաղեցրել Forbes ամսագրի կազմած ամենահարուստ ռուսաստանցի երաժիշտների ցուցակում: 2012թ. նրա եկամուտը կազմել էր 15 միլիոն դոլար:




























