ՀՀ արդարադատության նախարարությունը սկսել է Մաքսային միության շրջանակում ստորագրվելիք միջազգային համաձայնագրերի ինվենտարիզացիան, NEWS.am-ի թղթակցին հայտնել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Ըստ նրա՝ նախարարությունն առայժմ հայկական օրենսդրությունը Մաքսային միությանը համապատասխանեցնելուն ձեռնամուխ չի եղել, դա կարվի այն բանից հետո, երբ կորոշակիացվի Հայաստանի ՄՄ մտնելու եւ համապատասխան համաձայնագրի ստորագրման ամսաթիվը:

«Այժմ մենք միջազգային պայմանագրերի ինվենտարիզացիա ենք անցկացնում, որոնք պետք է վավերացվեն, եւ թարգմանում ենք դրանք», – հայտնել է Թովմասյանը:

Նշենք, սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու մտադրության մասին: Մի քանի օր անց արդարադատության նախարարությունում ելույթ ունենալիս պետության ղեկավարը նշել էր, որ Հայաստանի օրենսդրական հիմքը դրան նախապատրաստելու համար շուրջ 50 նոր իրավական ակտեր կպահանջվեն: