Հայաստանի նախագահի մասնակցությունը ԵՄ-ի Վիլնյուսի գագաթաժողովին ինքնանպատակ չէ, քանի որ հիմա ԵՄ-ի հետ բանակցություններ են ընթանում, սակայն դժվար է կանխատեսել, թե ինչ փաստաթուղթ կստորագրվի Երեւանի եւ Բրյուսելի միջեւ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Մանվել Բադեյանը՝ հավելելով, որ եւ Մաքսային միությունը, եւ ԵՄ-ի կառույցները, Հայաստանը դիտարկում է իր տնտեսական շահերի տեսանկյունից:
«Վիլնյուսի գագաթաժողովին լինելու են նաեւ բիզնես միջավայրի ներկայացուցիչներ, ինչը հնարավորություն կտա նոր կապեր հաստատել: Վիլնյուսի գագաթաժողովին մասնակցությունը իմիջի հարց չէ, այլ նորմալ բանակցային գործընթաց, սակայն նրանք, որոնք նախօրոք հայտարարում են, թե ինչ կստորագրվի այնտեղ, իրենց Սողոմոն Իմաստունի տեղն են դրել»,-նշեց Բադալյանը:
Պատգամավորը նաեւ ընդգծեց, որ եթե ԵՄ-ի կողմից առաջարկվող փաստաթուղթը չի համապատասխանի Հայաստանի շահերին, այն չի ստորագրվի:





























