Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանի ազգային շահերից է բխում, այն ներառում է ինչպես տնտեսական եւ առեւտրային շահերը, այնպես էլ անվտանգության խնդիրները

Այս մասին նոյեմբերի 1-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՕԵԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

 «Մենք եւ մեր կուսակցությունը ոչ եվրոպամետ ենք, ոչ էլ ռուսամետ, մենք ուղղակի հայամետ ենք: Մենք միշտ հանդես ենք եկել եվրոպական արժեքների եւ մոտեցումների պաշտպանությամբ: Այս տեսանկյունից քաղաքական եւ տնտեսական համակարգերի եվրոպական բարեփոխումները եւ արդիականացումը մեր շահերից են բխում», - նշել է պատգամավորը: Մաքսային միությանն անդամակցելը, ըստ նրա, առաջին հերթին ներառում է տնտեսական անվտանգության, ինչպես նաեւ լայն իմաստով անվտանգության խնդիրներ: Այդ խնդիրները բխում են նաեւ աշխարհաքաղաքական գործոնից:

«Եթե Ղազախստանի նախագահը հայտարարում է, որ Թուրքիան Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն ունի եւ Թուրքիայի պաշտոնյաները ըստ էության  դա չեն հերքում, նշանակում է առկա է աշխարհաքաղաքական որոշակի իրավիճակ, որը պետք է հաշվի առնել», -հավելել է   Շահգելդյանը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսաստանցի իր գործընկերոջը հայտնել էր Մաքսային միությանն անդամակցելու եւ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին աջակցելու Հայաստանի մտադրության մասին: