Մաքսային միությունը հնարավորություններ կստեղծի տուրքերի ընդհանուր տարածքում առեւտուր իրականացնելու, արտահանումը զարգացնելու եւ ներդրումներ ներգրավելու: Այդ ամենը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության զարգացման վրա: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՕԵԿ խմբակցության քարտուղար, Օրինաց երկրի փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով՝ նախ տեղի կունենա հայրենական ապրանքների արտահանման դիվերսիֆիկացիա, որը մեծ մասամբ ուղղված կլինի երկրներին, որոնք ՄՄ կազմում են: «Այդ տեսանկյունից ապրանքաշրջանառության ակտիվացումը հնարավորություն կստեղծի նոր ներդրումներ ներգրավելու համար, դրա հետ կապված համապատասխան պայմանագրեր կան»,-ընդգծել է Շահգելդյանը՝ հավելելով, որ կան նախնական պայմանավորվածություններ նաեւ գազի գնի վերաբերյալ:
Բնականաբար, այդ ամենը միանշանակ չէ, ինչպես նկատել է պատգամավորը, եւ հարկավոր կլինի պաշտպանել հայրենական ձեռներեցների շահերը, սակայն նրա համոզմամբ, դա նորմալ երեւույթ է՝ ցանկացած միջազգային կառոււյցի հետ աշխատանքի պարագայում:
Անդրադառնալով անվտանգության ապահովման խնդիրներին, Մհեր Շահգելդյանը ընդգծել է, որ կարդիականացվեն Հայաստանի այս կամ այն համակարգերը. «Մասնավորապես, դա վերաբերում է արտակարգ իրավիճակներում սահմաններին, պետական պահուստներին եւ այլն»:
Հիշեցնենք, որ Հայաստանը մտադրություն է հայտնել միանալու Մաքսային միությանը՝ սեպտեմբերի երեքին Մոսկվայում Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո:




























