Հայաստանի Պաշտպանության նախարարությունում չեն հավատում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին վերագրված հայտարարությունների իսկությանը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, Հակոբ Ինջիղուլյանին վերագրված հայտարարությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում իրականությանը: «Ծառայության ընթացքում Հակոբ Ինջիղուլյանը ոչ մի խնդիր կամ միջադեպ չի ունեցել: Ընդհակառակը, նա մշտապես պարգեւատրումների էր արժանանում ղեկավարության կողմից»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ մասին հաստատում են Հակոբ Ինջիղուլյանի հարազատները:

Ավելի վաղ հաղորդում էին, որ նոյեմբերի 1-ին Հակոբ Ինջիղուլյանին այցելել է Կովկասի մահմեդականների վարչության ներկայացուցիչ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն: Ինչպես ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԿՄՎ մամուլի ծառայության ղեկավար Ռագիմ Դադաշեւան, շեյխուլիսլամը հայտնել է Հ. Ինջիղուլյանին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը իրեն խնդրել է վերադարձնել գերության մեջ գտնվող հայ զինծառայողին: «Շեյխը հայտարարել է, որ պատրաստ է կատարել խնդրանքն ու առաջարկել է զինվորին հայրենիք վերադառնալ: Սակայն Ինջիղուլյանը հրաժարվել է: Մեկնաբանել է նրանով, որ հայոց բանակում իրեն տանջանքների են ենթարկում: Նա ընդգծել է, որ առհասարակ չի ցանկանում կռվել Ղարաբաղում: Գերին նշել է, որ Ադրբեջանում իրեն լավ են նայում ու կյանքի համար լավագույն պայմաններն են ստեղծել»,- հաղորդել է ադրբեջանական աղբյուրը: Բացի այդ, գերիների, անհետ կորածների ու պատանդների հարցերով պետական կոմիտեի քարտուղար Շահան Սաիլովը հաղորդել էր ԱՊԱ-ին, որ Հակոբ Ինջիղուլյանը դիմել է ադրբեջանական իշխանություններին երրորդ երկիր փոխանցելու խնդրանքով:

Այդ կերպ ստացվում է, որ հոգեւոր առաջնորդը ադրբեջանական ստի ու հակահայկական քարոզի մեկ այլ օղակն է: Սա վկայում է, որ կամ Ալլահշուքյուր Փաշազադեն ծառայում է ռեժիմին, կամ նրա հեղինակությունն այնքան մեծ է, որ կարող են նման հանդուգն կերպով օգտագործել սուտը տարածելու համար:

Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել ու հայտնվել էր ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում օգոստոսի 8-ի գիշերը: Մեկ օր անց նրան տեղափոխել են Բաքու: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառներով հետաձգում էր Կարմիր Խաչի պատվիրակկների հանդիպումը գերի զինվորի հետ: Առաջին անգամ նրանք կարողացան տեսնել ռազմագերուն միայն 12 անց: