Սաուդյան Արաբիա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այսօր բանակցություններ է վարում Էր-Ռիյադում իր գործընկերոջ՝ արքայզն Սաուդ ալ- Ֆեյսալի, հետ: Սպասվում է, որ երեկոյան մոտ պետքարտուղարին կընդունի Սաուդյան Արաբիայի 90-ամյա թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզը, հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:

ԱՄՆ դեսպանատանը ելույթ ունենալով՝ Քերրին Սաուդյան Արաբիան կոչել է Մերձավոր Արեւելքի առաջատար խաղացողներից մեկը, ուստի,նրա խոսքով՝ Վաշինգթոնի հարաբերությունները Էր-Ռիյադի հետ «պետք է առաջ շարժվեն ճիշտ ուղղությամբ, ինչի համար պետք է գործադրել բոլոր ջանքերը», փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Քերրին նշել է, որ քանի դեռ տարածաշրջանի մյուս խոշոր ներկայացուցիչը՝ Եգիպտոսը տրանսֆորմացիոն փուլում է, Սաուդյան Արաբիայի նշանակությունն ու դերը էլ ավելի է մեծանում: