Ուկրաինայի եկամուտների եւ գանձումների նախարարությունը հանդես է եկել որպես ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի դատական ատյաններում մի շարք  վարույթների նախաձեռնող` կապված երկրից ապօրինի 200 միլիոն դոլար դուրս բերելու հետ:  Այս մասին այսօր հայտնել է բրիտանական իրավաբանական Lawrence Graham LLP ընկերությունը, որը նախկինում Ուկրաինայի կառավարության կողմից ընտրվել էր որպես դատավարությունների հիմնական խորհրդատու:

Ըստ Ուկրաինայի իշխանությունների` նշված միջոցները ժամանակին «ապօրինաբար օգտագործվել էին մի քանի մարդու կողմից, այդ թվում՝ Ուկրաինայի նախկին  երկու վարչապետեր Յուլիա Տիմոշենկոյի եւ Պավել Լազարենկոյի», ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Այդ անձանց ապօրինի գործողությունները անցյալում արդեն քրեական հետապնդման  կամ դատավարության առարկա եղել են ԱՄՆ-ում կամ Շվեյցարիայում եւ Ուկրաինայում», - նշել են ընկերությունում:

«Նախարարությունը միջազգային իրավաբանական Lawrence Graham ընկերությանը հանձնարարել էր պահանջների համակարգման  գործում հանդես գալ որպես առաջատար փաստաբան եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` առավելագույնս լավ Ուկրաինայի շահերը պաշտպանելու համար», - ընդգծել են իրավաբանական գրասենյակում: