2014-ին Հայաստանի պետբյուջեից Որոտանի կասկադի արդիականացման համար կտրամադրվի 5 մլրդ 188 մլն դրամ: Այս մասին նոյեմբերի 4-ին հայտարարել է էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ներկայացնելով 2014թ պետբյուջեի շրջանակներում էներգետիկայի նախարարության ծրագիրը:  Միջոցները բյուջեին են տրամադրվելու KfW գերմանական բանկից՝ համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2010թ եւ նախատեսված են 2011-15թթ համար: Ծրագիրը նախատեսում է Շամբի, Սպանդարյանի եւ Տաթեւի ՀԷԿ-երի արդիականացում: Հիշեցնենք, որ 2013-ին առանձնացվել է 5 մլրդ 59 մլն դրամ:

Վարկային ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 51 մլն եվրո, որը տրամադրվում է շատ արտոնյալ պայմաններով: Վարկի մի մասը նախատեսվում է 40 տարով: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 2 տոկոս:

Որոտանի ՀԷԿ-ի կասկադը, որը տեղակայված է հանրապետության հարավում, բաղկացած է երեք էլեկտրակայաններից՝ Սպանդարյանի, Շամբի եւ Տաթեւի: ՀԷԿ-ի 100 տոկոսանոց բաժնետերն է Հայաստանի կառավարությունը: