2014թ. Հայաստանը  «Գյումրի-2» ենթակայանի արդիականացման համար կհատկացնի 995,6 միլիոն դրամ (1,8 միլիոն եվրո): Այս մասին նոյեմբերի 4-ին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Նա ասել է, որ 890,1 միլիոնը պետբյուջե կմտնի KfW գերմանական բանկի վարկային գծով, 105,6 միլիոնը` ներքին միջոցներից: 2013թ. ծրագրի ծավալը կազմել էր  3 միլիարդ  328 միլիոն դրամ:

Ենթակայանի արդիականացման համձայնությունը կնքվել էր 2009թ. հունվարին` Հայաստանի ֆինանսների նախարարության, KfW բանկի եւ Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ի միջեւ: Ֆինանսավորման ընդհանուր գումարը կկազմի 14,6  միլիոն եվրո` հաշվի առնելով կառավարության աջակցությունը: Նախագիծը մեկնարկել էր 2010թ. եւ կտեւի մինչեւ 2016թ.:  

«Այս ենթակայանն ունի տարածաշրջանային նշանակություն. Այն ոչ միայն էլեկտրաէներգիայի բաշխումն է ապահովում Շիրակի մարզում, այլեւ գտնվում է Հայաստանից Թուրքիա գնացող Գյումրի-Կարս բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի տարածքում, ինչպես նաեւ կարեւոր դեր ունի Վրաստանի էներգացանցում», – նշել է նախարարը:

Ավելի վաղ Հայաստանում բանկի աջակցությամբ վերանորոգվել էին «Գավառ», «Վանաձոր-2» եւ «Ալավերդի-2» բարձր լարման ենթակայանները: