Նոյեմբերի 1-ին Ոստիկանությունը արագ հայտնաբերել է Կոնգրեսի գրասենյակ ներխուժած զինված անձին եւ խոստովանական բացատրություն ստանալուց հետո նույնքան արագ ազատ է արձակել նրան:

Հայ ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Իրենց իսկ բնորոշմամբ սպանության սպառնալիք կիրառած եւ խոստովանական բացատրություն տված անձը, ումից առգրավվել են նաեւ հանցագործության գործիք հանդիսացող դաշույնները, ազատ է արձակվել, եւ մինչ այս պահը օրենքի խախտմամբ քրեական գործ չի հարուցվել եւ սպանության սպառնալիք տված անձը չի ձերբակալվել եւ չի կալանավորվել: Սա հիմք է տալիս մտածելու, որ տվյալ անձը վայելում է իշխանությունների հովանավորությունը, եթե չի գործել նրա անմիջական հանձնարարությամբ:

Հայ Ազգային Կոնգրեսը, գնահատելով սա որպես քաղաքական ահաբեկման դրսեւորում, հայտարարում է, որ նման ճղճիմ մեթոդները վկայում են իշխանության օրեցօր թուլացման մասին, եւ հոգեվարքի դրսեւորում են»: