Երեւանյան մետրոյի արդիականացման համար 2014-ին կտրամադրվի 6 մլն եվրո: Այս մասին նոյեմբերի 4-ին հայտարարել է Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը՝ 2014թ բյուջեի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ժամանակ:
Մասնավորապես, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի բյուջեից Հայաստանին կտրամադրվի 1 մլրդ 656 մլն դրամ, Եվրոպական ներդրումային բանկից՝ 1 մլրդ 636 մլն: Նշված միջոցները կուղղվեն թունելների դրենաժի ու մալուխների վերանորգմանը: Ծրագրի ամբողջ ծավալը կազմում է 15 մլն եվրո: Բացի վերոհիշյալ երկու աղբյուրներից, 5 մլն տրամադրվում է որպես Եվրամիության ներդրումային դրամաշնորհ: Առաջին ծրագիրը՝ համանման ֆինանսավորմամբ, իրականացվել է 2010-13թթ:
Չհաշված այդ միջոցները՝ եւս 2 մլրդ 513 մլն կկազմի մետրոպոլիտենի բյուջետային դոտացիան՝ որպես սուբսիդիա ուղեւորափոխադրմանը եւ գործունեությանը աջակցելու:





























