Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի Ուդելնի շուկայում եւ մետրոյի «Ուդելնայա» կայարանում ծեծկռտուք ու անկարգություններ են տեղի ունեցել, որոնք տեղի են ունեցել քաղաքի կենտրոնում ազգայնականների կազմակերպած ակցիայից հետո:
Մետրոյի «Ուդելնայա» կայարանում մի խումբ ազգայնականներ, մոտ 40 մարդ, ծեծել են պլատֆորմում եւ գնացքի վագոններում գտնվող ոչ սլավոնական արտաքինով տղաներին: Մարդիկ խուճապահար լքել են վագոնները եւ վազել դեպի այլ վագոններ, պատմել է ականատեսներից մեկը:
Սոցիալական ցանցերից մեկում մի կին նկարագրել է տեղի ունեցածը. «Ամբոխը, կներեք պոկտությանս համար, մարզահագուստով թափթփուկները ներխուժեցին մեր վագոն եւ վայրենի ձայնով գոռում էին. «Որտե՞ղ են սեւաքամակները»: Ծեծկռտուք սկսվեց: Ինձ կողքիս նստած մարդը պարզապես դուրս քաշեց վագոնից: Մարդիկ վախեցած փախչում էին գնացքից: Երբ ես շրջվեցի, երիտասարդներից մեկը, որը մեր ազգությունից չէր, արդեն ընկած էր պլատֆորմի եւ վագոնի արանքում, ամբողջությամբ արյան մեջ: Նրա ընկերները փորձում էին հետ մղել գազազած երիտասարդներին եւ օգնել նրան կանգնել: Ես վագոն վերադարձա նախքան գնացքի մեկնելը:
Ռուս կինը ուժեղ սեղմել էր երեխային կրծքին եւ լաց էր լինում: Ես շատ լավ հասկանում եմ նրա վախը, մեր իսկական ռուս տղամարդիկ օգնում էին ծեծվածին եւ նրա ընկերներին, կանայք թաց անձեռոցիկներ էին տալիս»:
Մետրոպոլիտենի ոստիկանությունում Fontanka.ru-ին հաստատել են, որ մետրոյում նման միջադեպ եղել է:




























