Այսօր կլրանար «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հիմնադիր նախագահ Էդուարդ Եգորյանի 60-ամյակը:

Այս առնչությամբ հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, որում ասվում է.

«1999թ օգոստոսին անսպասելի կյանքից հեռացավ Հայաստանի երրորդ հանրապետության ակնառու պետական-քաղաքական գործիչ Էդուարդ Եգորյանը:

Նա, 1991-1995թթ ղեկավարելով իշխող ՀՀՇ կուսակցության ԱԺ ֆրակցիան եւ մինչեւ 1997թ սեպտեմբերի 10-ը ԱԺ պետա-իրավական հանձնաժողովը, իր մեծագույն ներդրումն է ունեցել օրենսդրական դաշտի եւ պետական ինստիտուտների ձեւավորման գործում, մասնավորապես`1990թ Անկախության հռչակագրի եւ 1995թ ՀՀ Սահմանադրության մշակման ու ընդունման մեջ:

Ժողովրդավարության, ընտրական համակարգի, ազատ ձեռներեցության զբաղվելու եւ հովանավորչության հարցերում, իշխող վերնախավի հետ ունենալով լուրջ տարաձայնություններ` 1996թ-ից, ստիպված էր 1997թ սեպտեմբերի 9-ին ԱԺ-ում մի խումբ գործընկերների հետ ձեւավորել «Հայրենիք» պատգամավորական խումբը, իսկ 1998թ հիմնադրել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը` նպատակ ունենալով երկրում իրական ժողովրդավարության եւ մոնոպոլիաների թելադրանքից զերծ ազատ տնտեսական հարաբերությունների հաստատմանը:

Այս նպատակի համար նա մինչեւ իր կյանքի վերջին օրը համառությամբ ու վճռականությամբ պայքարեց Հայաստանում ուժի եւ փողի իշխանության հաստատման դեմ, ինչը շատ դեպքում հավասարակշռությունից հանում էր իշխող վերնախավին, այդ իսկ պատճառով առ այսօր նրան չեն կարող ներել թե’ նախկին գործընկերները, թե’ իշխող վարչախումբը: Պատահական չէ, որ այսօր պետական մակարդակով չի նշվում Էդուարդ Եգորյանի հոբելյանը, ինչը եւս մեկ անգամ հիմնավորում է, որ մեր պետականությունը, ցավոք, ձեւախեղված է եւ երբեք շուտ չէ իրական ժողովրդավարական Հայաստանի կերտմանը ձեռնամուխ լինելուն»: