Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շարունակում է հետապնդել «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին: Այս մասին հայտարարություն է տարածել Նախախորհրդարանի քարտուղարությունը, որում, մասնավորապես, ասվում է.
«Փակ շուկայի» վերականգնման պայքարի առաջին իսկ օրերից պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ նրա շրջանակի անձինք պարբերաբար սպառնում եւ հետապնդում են «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության միջոցառումներին մասնակցող քաղաքացիներին:
Նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել Նախախորհրդարանի եւ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանն ու նրա ընտանիքի անդամները:
Մասնավորապես՝ ս.թ. նոյեմբերի 2-ին, անձամբ Ս. Ալեքսանյանը մի խումբ անձանց հետ ոտքով եւ ավտոմեքենաներով Կ. Եղնուկյանին եւ նրա ընտանիքի անդամներին Մաշտոցի պողոտայից հետապնդել են մինչեւ Զաքյան փողոց, որտեղ գտնվում է Կ. Եղնուկյանի բնակարանը:
Ս.թ. նոյեմբերի 4-ին Կ. Եղնուկյանին եւ նրա ընտանիքի անդամներին հետապնդել են Ս. Ալեքսանյանի շրջանակի 6-7 անձինք՝ L 3101 եւ 29 LO 026 համարանիշներով տաքսի, 10 UD 100 համարանիշով «Ֆոլքսվագեն տուարեգ» մակնիշի, 10 UD 010 համարանիշի «Հյունդայի» եւ «Մերսեդես CLK» մակնիշի մոխրագույն (համարանիշը չի ֆիքսվել) ավտոմեքենաներով:
Հետապնդումը շարունակվել է նույնիսկ այն բանից հետո, երբ Կ. Եղնուկյանի կանչով ոստիկանությունը ժամանել է եւ ճշտելով հետապնդող ավտոմեքենաների համարանիշները՝ հեռացել:
Բոլոր հետապնդողներին Կ. Եղնուկյանը եւ նրա ընտանիքի անդամները, ինչպես նաեւ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության ակցիայի մասնակիցները եւ նրանց ուղեկցող ոստիկանները դեմքով ճանաչում են: Դրանք նույն անձինք են, որոնք մշտապես ուղեկցում են նախաձեռնության երթերի մասնակիցներին եւ պարբերաբար փորձում են բախումներ հրահրել:
Հետապնդողների սանձարձակ վարքը եւ ոստիկանության անտարբերությունն ու անգործությունը հիմնավոր կասկած են առաջացնում, որ ոստիկանությունը եւ մյուս իրավապահ մարմինները հովանավորում են Ս. Ալեքսանյանին եւ նրա շրջանակի անձանց: Այս մասին են վկայում, մասնավորապես, իր եւ իր ընտանիքի անդամների անվտանգության ապահովման վերաբերյալ Կ. Եղնուկյանի բազմաթիվ դիմումների անհիմն կերպով մերժումը, ինչպես նաեւ ոստիկանության պետի կանխակալ ու ոչ իրավաչափ հրապարակային դիրքորոշումը հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան «Փակ շուկան» հանցավոր գործողություններով վնասելու դեպքի վերաբերյալ:
Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է, որ մեր ժողովրդի կամքի վերահաստատումից հետո քրեական օլիգարխիայի ու նրան ծառայող իրավապահ համակարգի հանցավոր գործակցությունը դադարեցվելու է, իսկ մեր երկիրը կեղեքած եւ օրենք խախտած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության»:




























