Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը, այսօր՝ նոյեմբերի 5-ին, հանդիպել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որի ժամանակ ներկայացրել է հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով անհայտ կորածների ընտանիքների հետ համատեղ մշակված հուշարձան կառուցելու մտահղացումը եւ դիմել է քաղաքապետին՝ տարածքի տրամադրման հարցով։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ նույն կազմակերպության միջազգային կոմիտեի պատվիրակ Մաթիաս Վենրիխը:

«Երեւանի քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել մարդասիրական համընդհանուր արժեքներին ուղղված ձեր գործունեությանը։ Երեւանի գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ հարցը կքննարկվի, ինչից հետո լավագույն տարբերակները կքննարկենք համատեղ»,- նշել է Երեւանի քաղաքապետը։

Հյուրերը քաղաքապետին են ներկայացրել Հայաստանում եւ մասնավորապես Երեւանում իրենց գործունեության ուղղվածությունը, որը հակամարտությունների հետեւանքով տուժած ընտանիքներին տարաբնույթ, այդ թվում նաեւ հոգեբանական աջակցությունն է։

Ողջունելով հյուրերի առաքելությունը տարածաշրջանում՝  քաղաքապետը շնորհակալություն է  հայտնել նրանց ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մարզերում, մասնավորապես՝ սահմանամերձ շրջաններում իրականացվող տարբեր միջոցառումների, մարդասիրական իրավունքի եւ մարդասիրական համընդհանուր սկզբունքների ամրապնդմանն ուղղված գործունեության համար։