Հայաստանում նոյեմբերի 5-ին տոնել են Հետախույզի օրը: Հայկական հետախուզությունը 21 տարեկան է: Այդ կապակցությամբ «Արզնի» օդանավակայանում հանդիսավոր միջոցառում է տեղի ունեցել: Բացի ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմից միջոցառմանը հրավիրվել են մի շարք դեսպանատների ռազմական կցորդներ, բազմաթիվ հյուրեր (ֆոտոռեպորտաժ):
Ավանդության համաձայն՝ ցուցադրական գործողությունների թվում ներառվել են հետակետի գրավում, հակառակորդի շարասյան առաջխաղացման ուղու վրա դարանակալում, սակրավորական բահերով «պար», նույն պարը նեւ փակ աչքերով, դեսանտի իջեցում, ձեռնամարտ, ֆիզիկական հնարավորությունների ցուցադրում:
Հայաստանում առաջին անգամ իրականացվել է դեսանտի զանգվածային իջեցում՝ երկնքում միաժամանակ քառասուն պարաշյուտիստ է հայտնվել: Ցուցադրական գործողություններում ներգրավված են եղել ծանր ռազմատեխնիկա, «Մի-8» եւ «Մի-24» ուղղաթիռներ:
Իրենց հմտություններ են ցուցադրել նաեւ «Փոքր Մհեր» ռազմակրթական համալիրի, վինգ-չուն ֆեդերացիայի սաներն ու ռազմական թաեքվոնդոյիստները:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է հայ խուզարկուների պատրաստվածության բարձր մակարդակը: «Մեր հետախուզությունը փառահեղ ուղի է անցել: Արցախյան պատերազմի տարիների եւ դրանից հետո էլ հայ հետախույզները պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ են դրսեւորել»,-ընդգծել է Օհանյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























