Հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը կարելի է բնութագրել որպես Հայաստանի օկուպացիա Ռուսաստանի կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով՝ եթե Սերժ Սարգսյանի սեպտեմբերյան հայտարարությունից առաջ խոսում էին այն մասին, որ Հայաստանն իշխանությունների քաղաքականության պատճառով դարձել է Ռուսաստանի վասալը, ապա հիմա այդ փոխհարաբերությունները օկուպացիայի տարրեր են ձեռք բերել: «Տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են ամեն ինչի, միայն թե մնան իրենց աթոռներին»,-ասաց նա:
Քաղաքագետն ընդգծեց, որ Մաքսային միությանը միանալուց Հայաստանը ոչ մի օգուտ չունի, հակառակը՝ բախվելու է բազմաթիվ դժվարությունների, ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության ապահովման տեսանկյունից:
«Հայաստանի բոլոր 4 հարեւանները ձգտում են Եվրոպայի հետ մերձեցման: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր է ստորագրում, Ադրբեջանը Եվրոպայի հետ կապված է էներգակիրների արտահանմամբ, նույնիսկ իրանը լուրջ առաջընթաց է արձանագրում Եվրոպայի հետ երկխոսության հարցում»,-ասաց նա:
Այդ ֆոնին, ըստ փորձագետի, Հայաստանը, Մաքսային միության հետ չունենալով սահման, չունենալով ելք դեպի ծով, հայտարարում է Մաքսային միությանը միանալու իր մտադրության մասին եւ տարածաշրջանում գործիք է դառնում ռուսական քաղաքականության ձեռքին:
«Դա նշանակում է, որ ինչ-որ պահի Հայաստանը կարող է սկսի իր հարեւանների կողմից ընկալվել որպես սպառնալիքի աղբյուր»,-ասաց Մեհրաբյանը՝ հավելելով, որ լինելով էներգակիրներ արտահանող երկիր, Ռուսաստանը փորձում է ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա՝ եվրոպական մատակարարումների առումով, միաժամանակ Ղարաբաղը Մոսկվայի ձեռքի ճնշման գործիք կդառնա: «Այլ խոսքով՝ մեր անվտանգությունը լրջորեն տուժել է, քանի որ սուբյեկտից վերածվել ենք օբյեկտի: Հայաստանն այդ առումով քիչ ժամանակ ունի»,-ընդգծեց նա:




























