Աբխազական Գագրա քաղաքում կայացել է հայկական «Սուրբ Փրկիչ» եկեղեցու բացումն ու օծումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Աբխազիայում հայկական համայնքի խորհրդի առաջին նախագահ Գարեգին Ղազարյանը:
Նրա խոսքով՝ հայկական եկեղեցու բացման արարողությանը ներկա են եղել Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան, խորհրդարանի փոխխոսնակ Վաղարշակ Քոսյանը, պատգամավորների, ինչպես նաեւ Գագրայի քաղաքապետ Գրիգորի Ենիկը:
Հայաստանի ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Աղոյանն ընդգծել է, որ եկեղեցու բացմանը շատ կազմակերպված են նախապատրաստվել, քանի որ դա շատ սպասված առիթ էր: Նա նշել է, որ սա փաստացի առաջին հայկական եկեղեցին է ամբողջ Աբխազիայում:
Ինչպես Աղոյանն է նկատել, եկեղեցին բավականին մեծ է, այնտեղ միանգամից կարող են տեղավորվել 200-300 հավատացյալներ: Նա նաեւ ընդգծել է, որ միջոցառմանը ներկա չի եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, չնայած որ շնորհավորական ուղերձ է հղել այդ կապակցությամբ:



























