Համացանցում տարածված «Հարվածում են ուղեւորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում» վերտառությամբ տեսանյութի հետ կապված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնարկված համապատասխան քայլերի շրջանակում «Երեւանտրանս» ՓԲԸ-ն թիվ 37 երթուղին սպասարկող «Ժակ-Ժան» ՍՊԸ-ին՝ սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրի 2.1.8 ենթակետով սահմանված (ուղեւորասրահում վարորդի ծխելու արգելումը) պարտավորությունը խախտելու համար, պայմանագրի 5.3 կետի ա) ենթակետի համաձայն տուգանել է 5000 ՀՀ դրամի չափով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե միաժամանակ երթուղին սպասարկող ընկերության տնօրինության հետ քննարկվել է վարորդի դրսեւորած անվայել պահվածքը, ինչի արդյունքում «Ժակ-Ժան» ՍՊԸ-ի տնօրինության կողմից ընկերության աշխատակից Գարիկ Գեւորգի Մուրադյանին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը , Անի Խաչատրյանը նոյեմբերի 5-ին Youtube-ի իր էջում տեղադրել էր տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես են 37 համարի երթուղայինի վարորդը եւ ուղեւորուհիներից մեկը հարձակվում իր վրա միայն այն բանի համար, որ նա վարորդից պահանջում է ծխախոտը հանգցնել։

«Ես շատ քաղաքավարի խնդրեցի հանգցնել ծխախոտը, նա կտրուկ ասեց՝ ոչ: Հետո իմ այն պնդմանը, թե դրա համար տուգանք է հասնում, նա եւ մի ուրիշ կին, որ ներկայացավ որպես վարորդի քույր, բառիս բուն իմաստով հարձակվեցին ինձ վրա»,- գրել էր Անի Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ կինը փորձել է իր տեսախցիկը կոտրել, հետո սկսել է խփել իրեն։ Վարորդը փորձել է ստիպել նրան իջնել մեքենայից. «Վերջում էլ սպառնացին, թե կիմանան՝ որտեղ եմ ապրում ու ես իմ հալը կտենամ»։

NEWS.am-ի հետ զրույցում Անի Խաչատրյանն ասել էր, որ դեպքը եղել է այսօր առավոտյան՝ Քասախ գյուղից Երեւան ուղեւորվելիս։ Անին չորսամյա որդու հետ է եղել։ Բայց դա վարորդի քույր ներկայացած կնոջը չի խանգարել խփել իրեն, ինչի հետեւանքով Անիի շրթունքն ու լինդը վնասվել են, աղջկա ձեռքերը ճանկռել են։